Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Երբ հոգնում էի մարդկանց հայացքներից, նայում էի Տոմիկիս աչքերի մեջ

Երբ հոգնում էի մարդկանց հայացքներից, նայում էի Տոմիկիս աչքերի մեջ
11.04.2024 | 07:34

Քանի որ Տոմիկս ինձ հետ աչքերով էր խոսում, ես սովորեցի մարդկանց աչքերի մեջ նայել ու նրանց հայացքները կարդալ։ Ինչ հայացք ասես՝ չտեսա։

Կան տխուր ու ուրախ, վշտահար ու երջանիկ, քաղցր ու դառը հայացքներ։
Կան կյանքի հարվածներից ճաքճքած հայացքներ, որոնց ճաքերի մեջ հազիվ նշմարվող կյանքը ծխում է մարմրող ածուխների նման, իսկ կան զույգ արևների նման վառվող հայացքներ, որոնցից շոգում ես, աչքերդ կկոցում ես, որ չկուրանաս։
Կան հոգնած՝ փայլատ հայացքներ, որոնք միայն ստվեր են արտացոլում, իսկ կան կյանքով փայլող, կյանք հորդող հայացքներ, որոնց շողերի մեջ լողանում ես։
Կան գիշատիչ հայացքներ, որ արյունախում տզի նման միջիցդ քաշում են արյունը, դատարկում քեզ, իսկ կան կարկաչուն առվի նման վճիտ, պայծառ հայացքներ, որ ուզում ես խմել ջրի նման։
Կան հայացքներ, որոնց հետևում պատ է՝ անթափանց պատ, իսկ կան՝ որոնց մեջ հորիզոնն ես տեսնում, անծայրածիր օվկիանոսը, որ քեզ տանում է դեպի անհունը։
Կան անիմաստ բառերի մեջ դատարկված հայացքներ, որոնք էնքա՜ն ասելիք չունեն, որ միտքը խեղդվում է անօդ տարածության մեջ, ու կան մտքերի առատությունից պայթող հայացքներ, որոնց շիկացած շնչից բառերը վառվում են լուցկու հատիկների նման։
Կան անկեղծությունից սարսափող հայացքներ, որոնցում մտքերն ու զգացմունքները կուչ են եկել ու մեջքով շրջվել դեպի քեզ, ու կան անպաշտպան հայացքներ, որոնք բացարձակապես անկարող են թաքցնել զգացմունքները։
Կան ծաղկած հայացքներ, որ ամառ-ձմեռ գարուն են բուրում, ու կան ձմեռ-հայացքներ, որոնցից մրսում ես։
Աչքեր էլ կան, որ հայացք չունեն. աչքերը կան, հայացքը չկա։
Ես երբեմն մարդու հայացքը տեսնում էի անգամ առանց աչքերի մեջ նայելու։ Կարող է մարդը մեջքով դեպի ինձ շրջված լիներ, իսկ ես նրա ծոծրակին կարդում էի նրա հայացքը։
Իսկ երբ հոգնում էի մարդկանց հայացքներից, մի քանի րոպե նայում էի Տոմիկիս աչքերի մեջ ու լրիվ մաքրվում էի, ազատվում էի մարդկային հայացքների բեռից՝ ասես նորածին դառնայի:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7531

Մեկնաբանություններ